Արման Ավագյանը պարտություն կրեց բրոնզի համար պայքարում. Ըմբշամարտի ԵԱ
79 կգ քաշային ազատոճային ըմբիշ Արման Ավագյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերն է չափել Մակեդոնիայի ներկայացուցիչ Ահմադ Մագոմեդովի հետ և 4-7 հաշվով ցավալի պարտություն է կրել: Հայ ըմբիշը գրեթե ամբողջ գոտեմարտն անցկացրել է վիրակապով՝ արյունահոսության պատճառով:
Արման Ավագյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 5-1 հաշվով առավելության էր հասել ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում, սակայն, Հայաստանի ներկայացուցիչը 10:12 հաշվով զիջել էր Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 12:1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն այսօր ավելի վաղ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն էլ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Աղբյուր ArmSport.am