Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տպավորված է երևանյան առաջնությամբ
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միլան Միհալովիչը տպավորել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը:
«Եվրոպայի ֆեդերացիան շատ ուրախ է, որ մրցումներն անցկացվում են Հայաստանում: Հայկական սպորտը, մասնավորապես, ծանրամարտը աշխարհում լայն տարածում ունի։ Ուրախ ենք, որ Երևանը ընդունել է 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Կազմակերպվածությունը տպավորիչ է, միանգամայն ակնհայտ է, որ աշխատանք է տարվել այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միհալովիչը:
Վերջինս շեշտեց, որ սպորտն իր արժեքներն ունի․ «Այստեղ մենք բոլորս ընկերներ ենք և ուրախ ենք պահպանել ոլորտում եղած արժեքները։ Ցավոք, երբեմն, որոշ մարդիկ դա չեն հասկանում՝ փչացնելով եղած մթնոլորտը և դժվարություններ ստեղծելով բոլորիս համար»,-ընդգծեց նա՝ հավանաբար ակնարկելով Ադրբեջանի դրոշը վառելու հետ կապված միջադեպը, որը եղավ առաջնության բացման արարողության ժամանակ: