Ըմբիշ Վազգեն Թևանյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան 5 ըմբիշներ:
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պարտություն կրեց մեկնարկում` զիջելով բուլղարացի Գեորգի Վանգելովին: Հայ ըմբիշը դեռևս պահպանում է մեդալների համար պայքարելու իրավունքը, եթե բուլղարացի մարզիկը հասնի եզրափակիչ:
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը հասել է մինչև եզրափակիչ: Հայ մարզիկը հաջորդաբար գերազանցել է Իսրայելի, Ադրբեջանի, Ուկրաինայի ներկայացուցիչներին: Եզրափակիչը կկայանա ապրիլի 18-ին:
70 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչներից Արման Անդրեասյանը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց Մոլդովայից Վասիլ Դիակոնին:
79 կգ քաշում Արման Ավագյանը երկու գոտեմարտերում զիջեց կիսաեզրափակիչում և կմրցի բրոնզե մեդալի համար:
97 կգ քաշում առաջին իսկ գոտեմարտում Սերգեյ Սարգսյանը պարտվել էր: