Հունգարիան արգելել է ուկրաինական հացահատիկի մատակարարումները՝ հետևելով Լեհաստանին և Սլովակիային
Հունգարիայի կառավարությունն արգելք է սահմանել Ուկրաինայից հացահատիկի ներմուծման վրա՝ դա կապելով ավելի վաղ Լեհաստանի և Սլովակիայի կողմից ընդունված նմանատիպ որոշումների հետ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Ինչպես Սլովակիան և Լեհաստանը, Հունգարիան նույնպես արգելում է ուկրաինական հացահատիկի մատակարարումները: Մենք չենք կարող վտանգի ենթարկել հունգարական գյուղատնտեսությունը և հունգարացի ֆերմերների ապրուստի միջոցները», - ասվում է Հունգարիայի կառավարության հաղորդագրության մեջ:
Ապրիլի 15-ին Լեհաստանը միակողմանի որոշում է ընդունել՝ ժամանակավորապես դադարեցնելու Ուկրաինայից ցանկացած գյուղմթերքի ներմուծումը մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Միևնույն ժամանակ ավելի վաղ երկկողմ համաձայնություն էր ձեռք բերվել Ուկրաինայից միայն չորս մշակաբույսերի՝ ցորենի, եգիպտացորենի, հլածուկի և արևածաղկի արտահանման ժամանակավոր դադարեցման շուրջ, իսկ տարանցումը պահպանվել է, բայց ավելի խստացված պայմաններով, որոնք կողմերը պլանավորել էին օպերատիվ կերպով համաձայնեցնել։
Լեհաստանից և Հունգարիայից հետո Բուլղարիան նույնպես մտածում էր ուկրաինական հացահատիկի ներմուծման էմբարգո սահմանելու մասին։ Ըստ BNR News-ի՝ Բուլղարիայի գյուղատնտեսության նախարար Յավիր Գեչևը հայտարարել է, որ երկրի կառավարությունը քննարկում է Վարշավայից և Բուդապեշտից հետո ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքի սահմանումը` հաշվի առնելով կուակման ռիսկը։
Ապրիլի 14-ին Վիշեգրադյան քառյակի երկրների (Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա և Չեխիա), ինչպես նաև Ռումինիայի և Բուլղարիայի նախարարներն առցանց բանակցություններ են վարել ուկրաինական հացահատիկի հետ կապված իրադրության շուրջ։ Դրանց արդյունքներով՝ Սլովակիայի նախարար Սամուել Վլչանն ասել է, որ Agrifish-ի խորհրդում, որը միավորում է Եվրամիության ագրարային նախարարներին, պլանավորում է ներկայացնել ԵՄ-ի գործիքակազմի կիրառումը, որի օգնությամբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ կգնվեր ուկրաինական հացահատիկ։ Նրա կարծիքով՝ դա Ուկրաինային կօգնի բարդ իրավիճակում և միևնույն ժամանակ ԵՄ-ի շուկան կպաշտպանի Ուկրաինայից ապրանքների գների դեմպինգից (ցածրագին վաճառք)։
ԵՄ-ն ժամանակավորապես չեղարկել է ուկրաինական հացահատիկի ներմուծման մաքսատուրքերը: Լեհաստանում, ինչպես նաև Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում օրերս գյուղմթերք արտադրողների ակցիաներ էին անցկացվել. նրանք բողոքում էին Ուկրաինայից այդ երկրներ հսկայական քանակությամբ հացահատիկի հոսքի դեմ։