Ֆոն դեր Լայենը դեռ չի որոշել՝ արդյոք կրկին կառաջադրվի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դեռևս որոշում չի ընդունել՝ արդյոք կրկին առաջադրելու է իր թեկնածությունը ԵՀ ղեկավարի պաշտոնում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Եվրոպական ընտրությունները տեղի կունենան ավելի քան մեկ տարի հետո: Օրը դեռ որոշված չէ: Ես դեռ որոշում չեմ կայացրել»,- այսօր Բեռլինում լրագրողներին ասել է ֆոն դեր Լայենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կրկին առաջադրելու է իր թեկնածությունը ԵՀ նախագահի պաշտոնի համար։
«Ինձ համար դա շատ կարևոր է, և հենց այդ պատճառով են այս տագնապալից ժամանակներում կարևոր միասնությունը և ուժեղ Եվրամիությունը… և հենց այդ պատճառով հիմա ժամանակը չէ` պատասխանելու այդ հարցին», - ասել է ֆոն դեր Լայենը` հավելելով, որ իր որոշման մասին կհայտարարի, «երբ գա ժամանակը»։
Ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու էր ընտրվել 2019 թվականի հուլիսի 2-ին։ 2019 թվականի հուլիսի 16-ին Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկեցին նրա օգտին. կողմ արտահայտվեց 383 պատգամավոր, դեմ՝ 327-ը, ձեռնպահ՝ 22-ը (պահանջվում էր բացարձակ մեծամասնություն՝ 374 ձայն): Ֆոն դեր Լայենը դարձել է առաջին կինն այդ պաշտոնում: