Որևէ տուգանք մեզ չի սպառնում. Կարեն Գիլոյանը` ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ միջադեպի հետևանքների մասին
Հայաստանին ոչ մի տուգանք կամ պատժամիջոց չի սպառնում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Որևէ ֆինանսական տուգանք, անգամ մեկ լումայի չափով մեզ չի սպառնում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ պատահած միջադեպի պատճառով: Այլ տուգանքներ, ոչինչ չկա: Պարզապես, մեզ համար բարդացավ հաջորդ տարի աշխարհի առաջնության հյուրընկալությունը»,- ասաց Գիլոյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել: