Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին Խաղաղօվկիանոսյան նավատորմի վարժանքների առնչությամբ
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված «հյուսիսային տարածքների» (Կունաշիր, Իտուրուպ, Շիկոտան և Հաբոմայի) շրջանում զորավարժությունների անցկացման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Չորս հյուսիսային կղզիների տարածքում ռուսական սպառազինության ուժեղացումը… հակասում է այս կղզիների հետ կապված մեր երկրի դիրքորոշմանը և չի կարող ընդունվել, ինչի առնչությամբ բողոք է հայտարարվել», - Մացունոյի խոսքերը մեջբերում է «РИА Новости» գործակալությունը։
Նա պարզաբանել է, որ Ճապոնիան նաև ՌԴ դեսպանությանը հայտարարություն է փոխանցել, որում մտահոգություն է հայտնում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների անցկացման կապակցությամբ։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում ապրիլի 14-ին հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների մասին. այս հաղորդագրության մեջ նշվում են նաև հյուսիսային տարածքները։ Դրանից զատ, ապրիլի 15-16-ին Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայության հասցեով ուղարկված ծանուցման համաձայն՝ Իտուրուպ կղզու տարածքում, ներառյալ նաև՝ մեր երկրի տարածքային ջրերում, Տոկիոյի ժամանակով ապրիլի 18-ից 22-ը որոշ ժամանակ հրթիռային հրաձգությամբ վարժանքներ կանցկացվեն», -նշել է գլխավոր քարտուղարը։
ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ ապրիլի 14-ից անցկացվում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերի անսպասելի ստուգում։ Ստուգմանը ներգրավված են հեռահար ավիացիան, Արևելյան ռազմական օկրուգի ավիացիան, զորամասերը և ստորաբաժանումները։