Շվեդիայում սկսվել են վերջին 25 տարվա ընթացքում խոշորագույն միջազգային զորավարժությունները
Այսօր Շվեդիայում մեկնարկել են վերջին 25 տարվա ընթացքում խոշորագույն «Ավրորա 23» միջազգային զորավարժությունները։ Ըստ Շվեդիայի պաշտպանության նախարարության՝ դրանք կտևեն մինչև մայիսի 11-ը: Զորավարժություններին մասնակցում են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Նորվեգիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Զորավարժությունների նպատակը «զինված ուժերի մարտունակության բարձրացումն է» Շվեդիայի վրա հնարավոր զինված հարձակման դեպքում։
«Մարտունակության բարձրացման, ստուգման և ցուցադրման հիմնական միջոցներից մեկը զորավարժություններն են, - նշում են պաշտպանության նախարարությունում։ - Մեր գործընկեր երկրների զինվորական ստորաբաժանումների հետ միասին մենք ամրապնդում ենք անվտանգությունը՝ միաժամանակ բարձրացնելով Շվեդիայի օպերատիվ ներուժը»։
Զորավարժությունները տեղի կունենան օդում, ցամաքում և ծովում, բայց հիմնականում՝ Շվեդիայի հարավում, ինչպես նաև Գոտլանդ կղզում։ Դրանց կմասնակցի մոտ 26 հազար զինվորական բոլոր ստորաբաժանումներից: Կործանիչները, ուղղաթիռները, փոխադրական և հատուկ թռիչքները կիրականացվեն մի քանի տարբեր ռազմաբազաներից և քաղաքացիական օդանավակայաններից: Թռիչքային պատրաստության հիմնական շրջանը գտնվում է հարավային և կենտրոնական Շվեդիայում և գործում է շուրջօրյա՝ ապրիլի 24-ից մինչև մայիսի 11-ը:
Ինչպես Շվեդիայի ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է Սկարաբորգի գնդի մայոր Մարկուս Հեդը, զորավարժությունների հիմնական մասերից մեկը կլինի «ընդունող երկրի կողմից օգնության ստացումը, ինչպես նաև օտարերկրյա ստորաբաժանումների կողմից օժանդակությունը»: