Սիրիայում ահաբեկիչները չորս անգամ գնդակոծել են կառավարական ուժերի դիրքերը
Սիրիայում Իդլիբի ապաէսկալացման գոտում սիրիական կառավարական ուժերի դիրքերը չորս անգամ գնդակոծման են ենթարկվել ահաբեկիչների կողմից: Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար, դերծովակալ Օլեգ Գուրինովը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Անցած օրվա ընթացքում Իդլիբի ապաէսկալացման գոտում չորս գնդակոծություն է գրանցվել «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից` Հալեպի նահանգում՝ 2, Իդլիբի նահանգում՝ 2», - ասել է Գուրինովը։
Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչների կողմից Քաֆեր Հաննիի շրջանից Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ ականանետից գնդակոծության հետևանքով Հալեպի նահանգի Ուրում էս Սուղրա բնակավայրի շրջանում վիրավորվել է սիրիացի մեկ զինծառայող։