Եղիազար Ավագյանը՝ Գլխավոր դատախազի տեղակալ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:
Հաշվի առնելով, որ 2023 թվականի ապրիլի 11-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության Միջազգային–իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի թեկնածությունը:
Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները՝ հույս հայտնելով, որ Եղիազար Ավագյանը կշարունակի իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից նախաձեռնված ծրագրերը և բարեփոխումներ ու իր գործունեությամբ կբարձրացնի սահմանված նշաձողը: «Պարոն Ավագյանն իր գործի լավագույն մասնագետն է, բարեվարք է, համակարգի ներսում ունի դրական ընկալում: Այս նշանակումը, ինչպես ժամանակին պարոն Էլիզբարյանի նշանակումն էր, ազդակ է հասկանալու, թե Դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի», – ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:
Կոլեգիայի անդամները դրական կարծիքներ են հայտնել Եղիազար Ավագյանի թեկնածության վերաբերյալ՝ կարևորելով գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Ավագյանի պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ պահանջկոտությունը, բծախնդրությունն ու մարդկային բարձր որակները:
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին՝ վստահության համար և ընդգծել, որ այն պարտավորեցնում է ավելի մեծ ուժ և եռանդով գործել ու աշխատել՝ ուղղված Դատախազության հեղինակության բարձրացմանը:
Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը։
Եղիազար Վլադիմիրի Ավագյանը Արդարադատության առաջին դասի խորհրդական է։
Ծնվել է 1977 թվականի հունիսի 15-ին, Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ:
Մասնագիտական գործունեություն
2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
2016 – 2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ,
2015 – 2016թթ. – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,
2012 – 2015թթ. – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ,
2009 – 2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ,
2007 – 2009թթ. – ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ,
2006 – 2007թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական,
2005 – 2006թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2003 – 2005թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ,
Կրթություն
2008 թվականի հունիս-դեկտեմբեր – ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,
1994-1999թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
Այլ տվյալներ
Արդարադատության առաջին դասի խորհրդական է,
1999 – 2001 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում,
Հեղինակ է 3 գիտական հոդվածի,
2020թ. հոկտեմբերի 25-ին զորահավաքային զորակոչի միջոցով ներգրավվել է ՀՀ զինված ուժերում և մեկնել պաշտպանության բանակի գոտի:
2012 թվականին պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
2014 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԻ նախարարի «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով,
2019 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
2019 թվականին պարգևատրվել է . «ԱՊՀ երկրների դատախազների միության» «Օրինականության և իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է մի շարք այլ խրախուսանքի տեսակներով, կոչումներով և կրծքանշաններով: