Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը կլինի եզրափակիչը․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ «Արսենալի» դեմ հանդիպումը կորոշի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի ելքը։
«Արսենալը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: Այդուհանդերձ, թիմերը դեռ մեկ հանդիպում ունեն անցկացնելու միմյանց դեմ այս մրցաշրջանում։ Թիմերը դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն ապրիլի 26-ին։
«Ինչպես նախկինում ասացի, գլխավորը հաղթելն ու նորից հաղթելն է: «Արսենալն» աներևակայելի հաջող է հանդես գալիս այս մրցաշրջանում, չեմ կարծում, որ նրանք շատ միավորներ կկորցնեն։
Մեզ համար կարևոր էր հաղթանակով մոտենալ «Արսենալին», և Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը կլինի եզրափակիչը։ Սա եզրափակիչն է, որից հետո պետք է ավելի շատ եզրափակիչներ խաղալ։ Եթե մենք պարտվենք այս խաղում, մրցավազքը գրեթե ավարտված կլինի:
Մենք ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից՝ իմանալով, թե որքան դժվար է լինելու, բայց մինչ այդ մենք հնարավորություն ունենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և Անգլիայի գավաթի եզրափակիչ»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչին BBC-ն։ Հաղորդում է ArmSport. am-ը։