Հնդկաստանում նախկին պատգամավորին գնդակահարել են ուղիղ եթերով հարցազրույցի ժամանակ (տեսանյութ)
Հնդկաստանում սպանվել է նախկին պատգամավոր Աթիկ Ահմեդը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել առևանգումների համար։ Նա իր եղբոր՝ Աշրաֆի հետ, որը նույնպես դատապարտված է, գնդակահարվել է ուղիղ եթերի ժամանակ, երբ նրանցից հարցազրույց էին վերցնում բժշկական հետազոտության համար հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al Jazeera-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Պրայագրաջ քաղաքում։ Երեք հարձակվողները մոտեցել են մոտոցիկլետներով և ներկայացել որպես լրագրող։ Հարձակվողները մի քանի անգամ կրակել են տղամարդկանց գլուխներին։
Սպանությունից հետո նրանց բերման են ենթարկել։
60-ամյա Աթիկ Ահմեդը Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2004թ.: Նա բանտ է ուղարկվել 2019թ.: Al Jazeera-ի տվյալներով՝ նախկին քաղաքական գործչի դեմ ավելի քան 100 գործ է հարուցվել։
Օրեր առաջ ոստիկանները փոխհրաձգության հետևանքով սպանել էին նաև նրա 19-ամյա որդուն, որը մեղադրվում էր տղամարդու սպանության համար։