Զելենսկին ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը գրեթե մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցում քննարկել են Մակրոնի՝ Չինաստան կատարած այցի արդյունքները։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ անդրադարձ է եղել նաև առաջնագծում տիրող իրավիճակին: Փարիզը պատրաստակամություն է հայտնել է՛լ ավելի ամրապնդելու երկու երկրի միջև կապը և շարունակելու աջակցել Կիևին մարտի դաշտում:
«Կիևը նաև ցանկանում է 2023 թվականի հուլիսին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո անվտանգության արդյունավետ երաշխիքներ ստանալ»,- հավելել է Զելենսկին։
Ավելի վաղ Մակրոնը մեկնել էր Պեկին, հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Համատեղ հայտարարությամբ Փարիզը և Պեկինն աջակցություն են հայտնել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև հակամարտող կողմերին կոչ արել հարգել հումանիտար իրավունքը։