Անուններ. ովքեր կհարցաքննվեն Միքայել Արզումանյանի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե որ նախկին եւ ներկա պաշտոնյաները ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով կհրավիրվեն Հակակոռուպցիոն դատարան եւ կհարցաքննվեն։ Այսպիսով, նրանք են ՊՆ նախկին Նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը երեկ պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:
Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: