ԱՄՆ-ն սկսել է վիզաներ տրամադրել ՌԴ պատվիրակությանը` Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար
Ամերիկյան կողմն սկսել է վիզաներ տրամադրել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ ՌԴ պատվիրակության անդամներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Ըստ ՌԴ արտգործնախարարության՝ ռուսաստանցի լրագրողներին վիզաներ տրամադրելու հետ կապված իրավիճակը փակուղային է: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Ամերիկյան կողմն սկսել է վիզաներ տրամադրել ՌԴ պատվիրակությանը, որը գլխավորելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու համար, որտեղ Ռուսաստանը նախագահում է ապրիլ ամսից»,- պարզաբանել են գերատեսչությունում։
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ պատվիրակության աշխատանքը լուսաբանող ռուսաստանցի լրագրողներին վիզաների տրամադրման հետ կապված փակուղային իրավիճակը պահպանվում է։