Սերբական ինքնավարության ղեկավարը չի բացառել Բոսնիա և Հերցեգովինայի կազմից դուրս գալը
Սերբական Հանրապետությունը կարող է դուրս գալ Բոսնիա և Հերցեգովինայի կազմից, եթե երկիրը միանա ՆԱՏՕ-ին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տարածաշրջանի նախագահ Միլորադ Դոդիկը, գրում է РИА Новости-ն։
«ՆԱՏՕ-ի հարցում մենք ասացինք, որ հետևում ենք Սերբիայի դիրքորոշմանը: Այն պարզ է՝ չեզոքություն և հրաժարում որևէ ռազմական դաշինքին միանալուց, սա նաև մեր քաղաքականությունն է»,- հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայում Սերբական Հանրապետության ղեկավարը և հավելել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը հնարավոր է, բայց անդամակցությունը՝ ոչ։
Մինչդեռ ավելի վաղ Բոսնիայի արտաքին գործերի նախարար Էլմեդին Կոնակովիչը հայտարարել էր, որ Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին քաղաքականության հստակ առաջնահերթությունը ԵՄ անդամակցությունն է և ՆԱՏՕ-ին ինտեգրվելը։