Նիդերլանդների խորհրդարանականները հրաժարվել են հանդիպել Ալիևի հատուկ բանագնացի հետ
Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Հոլանդիայում Ադրբեջանի հերթական ձախողումից:
Նրա տեղեկություններով՝ ապրիլի 13-ին այդ երկիր Է ժամանել Ալիևի հատուկ բանագնաց, առաջին փոխնախագահի հատուկ օգնական Էլչին Ամիրբայովը՝ խորհրդարանականների հետ հանդիպելու համար:
Ապրիլի 4-ին՝ այդ հանդիպումից առաջ, Արիֆ Յունուսը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, այդ թվում՝ ղեկավարի և հիմնական կուսակցությունների ղեկավարների հետ և նրանց է հանձնել խնդրագիր ու մեծ թվով փաստագրական փաստեր Ադրբեջանում մուսուլման հավատացյալների իրավունքների զանգվածային խախտումների մասին։
Չի բացառվում, որ խորհրդարանականները պատրաստվում էին այդ հանդիպման ժամանակ բարձրացնել մարդու իրավունքների, այդ թվում՝ հավատացյալների վերջին զանգվածային ձերբակալությունների հարցերը։ Յունուսի խոսքով՝ այդ մասին տեղյակ է եղել նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Եվ ահա այսօր խորհրդարանի կայքում տեղեկություն է հայտնվել, որ հանդիպումը չի կայանա։