Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացվեց
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը եւ կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է եւս 3 ամսով։ Այս մասին տեղեկացնում են դատական դեպարտամենտից:
Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը նախնական դատալսումների փուլը հայտարարել է ավարտված եւ անցել է հիմնական դատալսումների փուլին։
Հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին, ժամը՝ 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր Գասպարյանը, ով Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է ամբաստանյալ։