Ճապոնիան ՄԱԿ ԱԽ-ի արտակարգ նիստ է պահանջել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումից հետո
Ճապոնիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել` նախօրյակին ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռային փորձարկումից հետո: Ըստ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոյի՝ այս հարցը ներկայում համաձայնեցվում է: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Նախօրյակին Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված հրթիռային արձակումից հետո մենք պահանջել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել: Այս հարցը ներկայում համաձայնեցվում է», - նշել է նա:
Մացունոն նաև «ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ին չի հաջողվել պատշաճ ձևով արձագանքել Հյուսիսային Կորեայի կողմից բանաձևերի դրույթների շարունակական խախտումներին»։
«Միացյալ Նահանգների և մյուս երկրների հետ համագործակցության դեպքում մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, այդ թվում՝ Չինաստանը և Ռուսաստանը, կարողանան լիովին կատարել իրենց պարտավորությունները», - հավելել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ԿԺԴՀ-ն ապրիլի 13-ին առաջին անգամ իրականացրել է կոշտ վառելիքով աշխատող նոր «Հվանսոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը: Հրթիռի երկու աստիճաններն ընկել են ծովը` ԿԺԴՀ-ի արևելյան ափից 10 և 335 կմ հեռավորության վրա։ Ըստ Փհենյանի՝ նոր բալիստիկ հրթիռը պետք է դառնա երկրի «ռազմավարական զինված ուժերի հիմնական միջոցը»։