Իշխանության հանցավոր անգործություն է եղել. Տիգրան Աբրահամյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․
«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` երբ խոսում ենք Տեղ գյուղի ողբերգության մասին, սրա սկզբնակետը փաստացի այն հանգամանքն է, որ ապրիլի 1-ին, ունենալով համապատասխան քաղաքական որոշում, լոկացիայի փոփոխության և նոր բնագծերի ձևավորման առումով, ՀՀ իշխանություններն անհրաժեշտ գործողություններ և միջոցառումներ չեն իրականացրել:
-Դրա հետևանքով Ադրբեջանը ոչ միայն մեկնարկում ստացել է առավելություններ, համապատասխան դիրքավորում է իրականացրել Տեղ, Կոռնիձոր ուղղությամբ, այնպես էլ ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում մեր դիրքերն ունեցել են ոչ շահեկան իրավիճակ: Իշխանության հանցավոր անգործություն է եղել, զինված ուժերի թույլատրված բեռը ծանրացել է: Զինված ուժերն ունենում է ծանր պայմաններ՝ սկսած մարտական հերթապահությունից մինչև մարտական խնդրի լուծում:
-Պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Որևէ մեկը տեղյակ չէ` ծառայողական քննություն անցկացվե՞լ է, ինչի՞ հետևանքով է ազատվել տվյալ զինվորականը: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում էր, թե, ըստ էության, իրենք նախատեսել էին, որ Ադրբեջանը կարող է այդպիսի քայլերի գնալ, բայց ինչ-որ օղակում խնդիրը չի լուծվել և բերել է այսպիսի ծանր հետևանքների: Երբ քաղաքական որոշումներ են լինում, դրանք պետք է վերահսկվեն ու ապահովվեն դրանց իրագործումը:
Բարդել ողջ իրավիճակը զինված ուժերի, սահմանապահ զորքերի վրա, մի կողմ քաշվել և ասել` խնդիրը այս կամ այն զինվորականն է, պաշտոնից ազատեցինք, դրանով որևէ խնդիր չի լուծվում: Իշխանությունը, որտեղ առաջնային պատասխանատվություն ունի, այդ պատասխանատվությունը իրենից հեռու է տանում:
-Ամեն դեպքում, պարզվում է` Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ զինվորականներ կան, որոնք դրսից էլ, հնարավոր է, կառավարվում են, ու չի բացառվում, որ գործակալներ են...
-Սա վերաբերում է 44-օրյա պատերազմին «Եղնիկների» ուղղությամբ տեղակայված զորամասի աջ հատվածում գտնվող ռազմավարական բարձունքին: Այդ գործով որևէ որոշում չկա, դատական որոշումների բացակայության պարագայում անվանարկել, պիտակավորել, որևէ մեկին ի սկզբանե դավաճան համարել՝ ունի 2 նպատակ: Առաջինը` պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա, երկրորդը` ուղղորդել դատական համակարգը քաղաքական հայտարարությունների հիման վրա որոշում կայացնելու:
Պատերազմական դրվագներում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ` սկսած ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելուց, բայց վերցնել մեկ-երկու տասնյակ մարդու առերևույթ հանցագործությունները և զինված ուժերը վերածել թիրախի, բնականաբար, ընդունելի չէ: Ավելի մեծ հարված բանակին, մարտունակությանը, պարզապես, չեմ պատկերացնում»: