Ճապոնիան և ԱՄՆ-ն կործանիչների զորավարժություններ են անցկացրել` ի պատասխան ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների
Ճապոնիան և ԱՄՆ-ը համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացրել: Դրանք կապված են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված հրթիռային արձակման հետ: Նման հայտարարություն է տարածել Ճապոնիայի պաշտպանության նախարարության շտաբների պետերի միացյալ կոմիտեն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Կապված այն բանի հետ, որ Հյուսիսային Կորեան մեծ անկյան տակ հրթիռ է արձակել, որը կարող է լինել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, ինչպես նաև այն պատճառով, որ անվտանգության ոլորտում իրադրությունն ավելի ու ավելի է բարդանում, ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ-ի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Զորավարժություններին մասնակցել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ռազմաօդային ուժերի չորս F-2 և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի չորս F-16 կործանիչներ։
Հիշեցնենք՝ Փհենյանի կողմից ապրիլի 13-ի առավոտյան արձակված հրթիռը թռել է մոտ 1000 կմ: Դա, ամենայն հավանականությամբ, միջին կամ մեծ հեռահարության հրթիռ է եղել: Հրթիռի արձակման պատճառով Հոկայդո կղզու դպրոցներում դասերի սկսվելու ժամերը հետաձգվել են, որոշ գնացքների աշխատանքը դադարեցվել է: Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին հայտարարել է, որ Փհենյանի կողմից շարունակվող հրթիռային արձակումները «լուրջ և վերահաս վտանգ» են ներկայացնում երկրի անվտանգության համար:
Այս տարի Հյուսիսային Կորեան արդեն 27 հրթիռ է արձակել: Փհենյանը դատապարտում է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները՝ նրանց մեղադրելով Կորեական թերակղզում լարվածությունը սրելու մեջ: