Միտրալ ստենոզ. հիվանդության առաջացման պատճառներն ու ախտանշանները
Միտրալ ստենոզը (ձախ նախասիրտ-փորոքային բացվածքի նեղացում), որպես կանոն, ունի ռևմատիկ ծագում, թեպետ հիվանդների 1/3-ի անամնեզում չկան սուր ռևմատիկ պոլիարթրիտի ցուցումներ: Փականի փեղկերը սովորաբար հաստացած են, միմյանց հետ սերտաճած. երբեմն այդ աճակցումներն արտահայտված են ոչ կտրուկ և համեմատաբար հեշտ են բաժանվում վիրահատական միջամտության ժամանակ, գրել է Aysor.am-ը։
Միտրալ բացվածքը վերածվում է ձագարաձև խողովակի, որի պատերն առաջանում են փականի փեղկերով և դրանց զոդված պտկաձև մկաններով: Ստենոզի վերջին տեսակը պահանջում է միտրալ փականի պրոթեզավորում: Փեղկերի շարժունակության սահմանափակմանը նպաստում են նաև փականի կալցիֆիկացիան: Միտրալ ստենոզը հաճախ ուղեկցվում է միտրալ անբավարարությամբ, իսկ միտրալ ստենոզով հիվանդների մեջ կանանց բաժինը կազմում է 75%:
Առանձին դեպքերում միտրալ ստենոզը հանդիսանում է բնածին և զուգակցվում է այլ բնածին արատների, նախևառաջ՝ միջնախասրտային միջնապատի արատի հետ (Լյուտեմբաշեի համախտանիշ):
Էնդոկարդի՝ այլ բնույթի ախտահարումը սովորաբար չի ուղեկցվում արտահայտված միտրալ ստենոզի զարգացմամբ, թեպետ ինֆեկցիոն էնդոկարդիտով հիվանդների մոտ կարող են որոշվել միտրալ բացվածքի ոչ կտրուկ նեղացման նշաններ՝ առանց ներսրտային հեմոդինամիկայի արտահայտված խանգարման: Հազվադեպ միտրալ ստենոզը հանդիպում է համակարգային կարմիր գայլախտի, ռևմատոիդ արթրիտի, համակարգային սկլերոդերմիայի, կարցինոիդային համախտանիշի, մուկոպոլիսախարիդոզի, Ուիփփլի հիվանդության ժամանակ:
Ձախ նախասրտում և թոքային երակներում ճնշման բարձրացումը հանգեցնում է թոքային զարկերակում ճնշման բարձրացման: Չափավոր թոքային հիպերտոնիան կապված է ձախ նախասրտից և թոքային երակներից թոքերի զարկերակային ճնշման պասիվ փոխանցմամբ, առավել արտահայտված՝ թոքերի արտերիոլների ռեֆլեկտոր սպազմի հետ՝ թոքային երակների բացվածքում և ձախ նախասրտում ճնշման բարձրացման հետևանքով:
Երկարատև թոքային հիպերտոնիայի ժամանակ զարգանում են սկլերոզ և թոքերի արտերիոլների օբլիտերացիա-խցանում: Այս փոփոխություններն անդառնալի են և բացատրում են բարձր թոքային հիպերտոնիայի պահպանումը անգամ միտրալ բացվածքի ստենոզը վերացնելուց հետո: Միտրալ ստենոզի համար բնորոշ են ձախ նախասրտի չափավոր լայնացումն ու սրտի աջ խոռոչների գերաճը:
Հիվանդությունը կարող է երկար ընթանալ առանց ախտանշանների: Բավական արտահայտված ստենոզի ժամանակ հիվանդության այս կամ այն փուլում զարգանում է սրտային անբավարարություն: Ծանր միտրալ ստենոզի դեպքում կարող է պարբերաբար առաջանալ թոքերի այտուց արյան փոքր շրջանառությունում ճնշման զգալի բարձրացման հետևանքով, օրինակ՝ ֆիզիկական լարվածության ժամանակ: Շողացող առիթմիայի դեպքում կարող են զարգանալ գլխուղեղի, երիկամների անոթներում թրոմբոէմբոլիաներ: Երբեմն նկատվում է ձայնի խռպոտություն՝ ձախ հետադարձ նյարդի կոմպրեսիայով պայմանավորված լայնացած ձախ նախասրտով կամ թոքային զարկերակով:
Զննելիս հայտնաբերում են ակրոցիանոզ՝ յուրօրինակ կարմրություն այտերին: Հիվանդները սովորաբար իրենց տարիքից երիտասարդ են երևում: Սրտի գագաթում կարող է որոշվել դիաստոլիկ աղմուկին համապատասխանող դող։
Կոմպենսացված միտրալ ստենոզի առկայության և ռևմատիզմի ակտիվության բացակայության դեպքում որևէ բուժում չի պահանջվում: Նպատակահարմար է ինֆեկցիոն էնդոկարդիտի կանխարգելումը տարբեր ինվազիվ միջամտություններ անցկացնելու դեպքում: Սրտային անբավարարության առկայության դեպքում օգտագործում են դիուրետիկներ: