«Ձեռները կապելուց հետո վա՜յ դադա, վա՜յ դադա էր կանչում»․ պատմում է ադրբեջանցուն բռնած կապանցի անտառապահը (Տեսանյութ). «Առավոտ»
«Առավոտ»-ը գրել է․
Սյունիքի մարզի Կապանի Աճանան բնակավայրի մոտակայքում հայտնաբերված ադրբեջանցուն առաջինը տեսել, կասկածել ու իրավապահ մարմիններին ահազանգել է Կապանի անտառտնտեսության անտառապահ Արա Սուքիասյանը։
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի անտառտնտեսության եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները։
«Լուսադեմին մոտ էր, որ ինձ զանգահարեցին, ասեցին՝ տագնապ է աշխատանքի վայրում, շուտ հասեք։ Տնօրենս՝ Սասուն Մանուկյանն ասաց, որ պետք չի խուճապի մեջ ընկնել, ընդամենը պիտի հսկենք անտառային ճանապարհները, ցույց տանք կածանները ու ասաց՝ այն ադրբեջանցին այս կողմերում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արա Սուքիասյանը։
Նրա պատմելով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, իր տնօրեն Սասուն Մանուկյանին տեսավ վաղ առավոտյան Վերին Խոտանան գյուղի հատվածում։ Մարզպետը բոլորին տեղաբաշխում է ըստ դիրքերի՝ անտառային ճանապարհների ու կածանների տարբեր հատվածներում։
Արա Սուքիասյանն ատամնաբույժի մոտ պիտի գնար ու թույլտվություն խնդրելով, ընդմիջման ժամին տիկնոջ հետ, իր սեփական ավտոմեքենայով Կապան է իջնում։ «Եկա ճանապարհին, տեսա մի հոգի անցնում է, տիկնոջս հարցրի՝ կարո՞ղ է սա այն ադրբեջանցին լինի, տիկինս ասաց՝ կարող է, ինչ գիտես ով կլինի։ Ավտոն դանդաղեցրի, տեսա շարժ չկա, ասի լավ պտտվեմ»,-պատմում է կապանցի անտառապահը։
Հետո նկատում է եւս երկու մեքենայի, որ կանգնած են լինում։ «Մոտեցա՝ ասի տղերք, նա ադրբեջանցի է, պիտի բռնենք։ Իրենք էլ հարցրի ի՞նչ գիտես։ Հեռախոսումս նկարը ունեի՝ բացեցի համոզվեցինք ու միանգամից ձեռները թելով կապեցինք»,-ասում է Արա Սուքիասյանը։
Անտառապահը նախ հարցրեց թե որտեղի՞ց է՝ անծանոթը պատախանեց՝ պարսիկ։ «Ասացի դու պարսիկ չես․նկարը ցույց տվի, ասի դու չե՞ս, հետո ասաց՝ Ադրբեջան, Ադրբեջան»,-նշում մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ձեռները կապելուց հետո՝ «վա՜յ դադա, վա՜յ դադա էր» կանչում։ Արա Սուքիասյանի խոսքով՝ ձեռքին զենք չկար, պտուտակահան էր, մի քանի փամփուշտ ու նոթատետր։
Մանրամասները տեսանյութում։