Շակիրան պապարացիներին մեղադրել է իր երեխաներին հետապնդելու մեջ. «Միլանն ու Սաշան շատ դժվար տարի են անցկացրել»
Շակիրան հոգնել է մամուլի ուշադրությունից և երկար ժամանակ առաջին անգամ որոշել է բարձրաձայնել։ Կոլումբիացի երգչուհին Ինստագրամ սոցցանցում գրառում է կատարել, որում դիմել է լրագրողներին ու պապարացիներին։ Նա խնդրել է վերջ տալ իր որդիների հետապնդումներին։
«Փոփոխությունների այս շրջանում մամուլը մշտապես հետաքրքրվում է ինձանով և իմ ընտանիքով։ Այնուամենայնիվ, երեխաներս՝ Միլանն ու Սաշան, շատ դժվար տարի են անցկացրել՝ տառապելով պապարացիների և Բարսելոնայի մի քանի լրատվամիջոցների անդադար ոտնձգություններից և հետապնդումներից: Այժմ, երբ նրանք նոր կյանք են սկսում, ես իմ երեխաների անունից խնդրում եմ մամուլին հարգել նրանց անձնական կյանքի իրավունքը: Խնդրում եմ նրանց չհետևել դպրոցի մուտքի ու ելքի և մեր տան մոտ։ Չուղեկցել նրանց ժամանցային միջոցառումներին, ինչպես դա արեցին Բարսելոնայի լրատվամիջոցները՝ լուսանկարելու համար»,- ասել է Շակիրան։
«Կարծում եմ, որ լրագրողներն ու լուսանկարիչները այստեղ զգայուն կլինեն Միլանի և Սաշայի առջև ծառացած իրավիճակի նկատմամբ և կկարողանան նրանց հետ վարվել ամենամարդկային ձևով: Հաշվի առնելով, որ խոսքը երկու անչափահասների ֆիզիկական և էմոցիոնալ առողջության և անվտանգության մասին է, ովքեր ցանկանում են միայն դուրս գալ հանրության մեջ և հաճախել դպրոց՝ իրենց հանգիստ զգալով և իմանալով, որ իրենց չեն դիտում կամ նկարահանում», – շարունակել է աստղը:
«Ես նախաձեռնում եմ այս ստորագրահավաքը ոչ թե որպես արտիստ, այլ որպես մայր, ով պաշտպանում և հոգ է տանում իր որդիների հոգեբանական և էմոցիոնալ բարեկեցության մասին, որպեսզի նրանք ապրեն այն երջանիկ և առողջ կյանքով, որին արժանի են բոլոր երեխաները: Կանխավ շնորհակալ եմ ըմբռնման և աջակցության համար, Շակիրա»,- ավարտել է երգչուհին։