Նյու Յորքի ոստիկանությունն սկսել է ռոբոտներ օգտագործել հանցավորության դեմ պայքարի համար
Նյու Յորքի ոստիկանություն սկսել է ռոբոտներ օգտագործել քաղաքի մետրոյի պահպանության և հանցավորության դեմ պայքարի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է New York Post թերթը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանապետ Քիչանտ Սյուելին և քաղաքապետ Էրիկ Ադամսին։
«Մեր ժամանակակից քաղաքը և առաջադեմ աշխարհը պաշտպանելու համար կարևոր է, որ մեր աշխատակիցները զինված լինեն գործիքներով, գիտելիքով և տեխնոլոգիաներով, որոնք անհրաժեշտ են այդ աշխատանքի անվտանգ և արդյունավետ կատարման համար», - ասել է Սյուելը մամուլի ասուլիսի ժամանակ:
Իր հերթին Ադամսն ասել է, որ չի կարելի վախենալ տեխնոլոգիաներից:
Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունն արդեն օգտագործում է երկու «թվային շներ», որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 750 հազար դոլար: Դրանք հանդերձված են միկրոֆոններով, տեսախցիկով ու տվիչներով։ Այդ «թվային շների» շարժման առավելագույն արագությունը կազմում է մոտ 1,6 կմ/ժ։ Ռոբոտները, որոնք ստացել են «մատնիչ-ռոբոտ» մականունը, հսկում են քաղաքի գլխավոր հրապարակը` Թայմս Սքվերը, և մետրոյի կայարանները։
Ավելի վաղ ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի Դիտորդական խորհուրդը քվեարկել էր ոստիկանության կողմից հանցագործների վերացման համար ռոբոտների կիրառումն արգելելու օգտին։ Խորհրդի նախագահ Դին Փրեսթոնի խոսքով՝ բնակիչները գտնում են, որ քաղաքը «հարմար վայր չէ մարդասպան ռոբոտների համար»: