Թաիլանդի իշխանությունները զբոսաշրջիկներին բանտարկությամբ են սպառնում մրգեր ներկրելու համար
Թաիլանդի գյուղատնտեսության նախարարությունը զբոսաշրջիկներին հիշեցրել է, որ առանց բուսասանիտարական վկայագրի երկիր թարմ մրգեր բերելը կարող է հանգեցնել 20 հազար բահտի (580 դոլար) չափով տուգանքի կամ մեկ տարի ժամկետով բանտարկության։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Asean News լրատվական հարթակի՝ Թաիլանդի գյուղատնտեսության նախարար Ռապիպհաթ Չանտարասրիվոնգն ընդգծել է, որ թե՛ թաիլանդցի, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկները ենթարկվում են այս օրենքին, և դրա խախտումը կարող է հանգեցնել տուգանքների և բանտարկության։
«Հիմա շատ թաիլանդցիներ են վերադառնում հայրենիք, զբոսաշրջիկներն էլ ժամանում են հանգստանալու: Նրանք իրենց հետ բերում են տարբեր մրգեր, ինչպիսիք են արմավը և խաղողը, որոնք ավելի էժան են, քան Թաիլանդում։ Ցանկանում ենք զգուշացնել, որ նման վարքագիծն օրենքի խախտում է, նույնիսկ եթե այն կանխամտածված չէ», - հարթակը մեջբերում է նախարարի խոսքը։
Չանտարասրիվոնգը հավելել է, որ Թաիլանդի գյուղատնտեսության նախարարությունը և երկրի օդանավակայանների հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցում են այդ օրենքի պահպանումն ապահովելու համար։ Դրա խախտման դեպքում մեղավորին, բացի բանտային պատժից և տուգանքից, սպառնում է ներկրված մրգերի բռնագրավում և ոչնչացում։
2022 թ. հունիսին Սուվառնաբհումի օդանավակայանում կանգնեցրել էին Մեծ Բրիտանիայից ամուսնական զույգին, որոնք փորձել են իրենց ուղեբեռում թաքցրած մանգո անցկացնել: Այդ նույն թվականի հոկտեմբերին Բանգկոկի «Դոն Մուանգ» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին Մալայզիայից մի խումբ զբոսաշրջիկներ, որոնք փորձում էին առանց համապատասխան փաստաթղթերի դուրիան ներմուծել երկիր։