ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան նշել են Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ապրիլի 11-ին հեռախոսով քննարկել են Եմենում տիրող իրադրությունը և ընդգծել Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ինչպես հետևում է փաստաթղթից, Ջեյք Սալիվանը և Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը «քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ընթացիկ դիվանագիտական փոխգործակցությունը Եմենում պատերազմի դադարեցման շուրջ»:
Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը նշել է «վերջին տարվա ընթացքում Եմենում զգալի առաջընթացը»։ Նրա կարծիքով՝ «ռազմական գործողությունները գրեթե դադարել են ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված զինադադարի պայմաններում»։ Սալիվանը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցել «պատերազմը դադարեցնելու» Էր Ռիադի ջանքերին:
ԱՄՆ-ի ղեկավարի օգնականը և թագաժառանգը նաև ընդգծել են «Իրանի» և այլ երկրների» կողմից սպառնալիքների հետագա զսպման անհրաժեշտությունը»։
«Սալիվանը վերահաստատել է (ԱՄՆ) նախագահ Բայդենի անդրդվելի հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստանա», - ասված է հայտարարության տեքստում։
ԱՄՆ ղեկավարի օգնականը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պայմանավորվել են աջակցել երկկողմ «համագործակցությանը մաքուր էներգետիկիայի ոլորտում», ինչպես նաև բջջային կապի զարգացման գործում:
Հիշեցնենք՝ Իրանը և Սաուդյան Արաբիան վերջերս համաձայնության են հասել երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում: Օրերս Պեկինում տեղի էր ունեցել նաև երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: