Բորելը հետաձգել է Չինաստան այցը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Չինաստան իր այցը հետաձգելու մասին: Դրա պատճառը COVID-19-ի թեստի դրական արդյունքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բորելը գրել է Twitter-ում:
Միևնույն ժամանակ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը նշել է, որ լավ է զգում և ոչ մի ախտանիշ չունի։
Նախօրյակին նրա մամուլի քարտուղար Նաբիլա Մասրալին հայտարարել էր ապրիլի 13-15-ը Բորելի՝ Չինաստան կատարելիք այցի մասին։ Նրա խոսքով՝ այս այցը պետք է «հնարավորություն տար քննարկելու միջազգային քաղաքականությունը, տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև ԵՄ-Չինաստան երկկողմ հարաբերությունները»: Ըստ հաղորդագրության՝ այդ այցը «վաղուց էր պատրաստվել և պետք է տեղի ունենար դեռ որոշ ժամանակ առաջ, սակայն գրաֆիկի պատճառով այն հնարավոր էր իրականացնել միայն այս շաբաթ»։