ԱՊՀ երկրների զինվորական պատվիրակությունները քննարկել են ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործման հարցերը
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների զինվորական պատվիրակությունները Սամարղանդում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի նիստում քննարկել են ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործման հարցերը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
«Նիստի օրակարգին համապատասխան՝ քննարկվել է 14 հարց, որոնք վերաբերում են հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը», - այսօր լրագրողներին հայտնել է Համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴ Օդատիեզերական ուժերի սպառազինության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
Բացի դրանից, նրա խոսքով, նիստի ընթացքում ամփոփվել են Համակարգող կոմիտեի և դրա աշխատանքային մարմինների 2022 թվականի գործունեության արդյունքները և սահմանվել 2023 թվականի առաջին կիսամյակի խնդիրները։ Նիստի մասնակիցները հավանություն են տվել 2023 թվականին ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի կազմին հատկացված զորքերի (ուժերի) օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման առաջարկներին։
Քննարկվել են նաև ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման ֆինանսական հարցերը։ Նիստի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բազմակողմ և երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համակարգի կատարելագործման հեռանկարային պլանավորմանը։
Համակարգող կոմիտեի աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանաարդյունաբերական համալիրի, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության խնդիրների հետազոտման և զինվորական կադրերի պատրաստման ոլորտում բազային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Սամարղանդում ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության հարցերը համակարգող կոմիտեի աշխատանքի շրջանակներում զինվորական պատվիրակությունները ծաղկեպսակներ են դրել «Ողբացող մայրը» հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական մեծ Պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակը: