ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների վրա Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի հարձակման առնչությամբ՝ հարձակումը որակելով որպես բախումներ։
«ԵՄ-ն ափսոսում է զինված բախումների համար, որոնց հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին Տեղի հատվածում զոհվել և վիրավորվել են հայ և ադրբեջանցի զինծառայողներ։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին:
Դիվանագետը հավելել է, որ կողմերը պետք է ակտիվացնեն սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները:
«Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին», - նշված է հայտարարության տեքստում:
Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:
«ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», - նշվում է ԵՄ հայտարարությունում: