Ինդիանայի վերամշակման գործարանում բռնկված հրդեհի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
ԱՄՆ Ինդիանա նահանգի Ռիչմոնդ քաղաքի վերամշակման գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի պատճառով 2000 մարդու տարհանման հրաման է տրվել: Ըստ իշխանությունների՝ կրակը դեռ մի քանի օր հնարավոր չի լինի մարել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ին:
A terrible fire occured at a plastic processing plant in the US state of #Indiana.
— NEXTA (@nexta_tv) April 12, 2023
All fire departments in #Richmond are involved in the elimination of the fire. More than 2,000 people have been evacuated. pic.twitter.com/nng6IXt0oU
Ինդանա նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Սթիվ Ջոնսը հայտնել է, որ գործարանում այրվող առարկաների թվում կա նաև պլաստիկ, և հրդեհի ծուխը «միանշանակ թունավոր է»: Իշխանությունները տարհանման հրաման են տվել հրդեհից շուրջ 1 կմ շառավղով հեռավորության վրա ապրող բնակիչներին, սակայն այդ հրահանգը կարող է փոխվել՝ կախված քամու ուղղության փոփոխությունից: Բնակիչներին նաև հորդորել են իրենց այգիներում հրդեհից բեկորներ հայտնաբերելու դեպքում դրանց ձեռք չտալ, քանի որ հայտնի չէ, թե ինչ քիմիական նյութեր կարող են պարունակել այդ բեկորները: Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը և Ինդիանայի բնապահպանական վարչությունը գնահատում են հրդեհից հնարավոր վնասները: CNN-ը նշում է, որ կրակը տարածվել է գործարանի մի քանի շենքերի վրա: Հրշեջները չեն կարողանում մոտենալ տարածքին: Հրդեհի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ: