Զախարովան՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սադրանքի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հերթական հարձակմանը։
Զախարովան հայտարարել է, որ Տեղ գյուղում տեղի ունեցածը վերահաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար միջոցներ են ձեռնարկել ՌԴ Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ շփման գծում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ցավոք, ըստ առկա տեղեկությունների, կան զոհեր և վիրավորներ: Տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար», - ասել է Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը:
«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից փոխադարձ զսպվածության և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը», - ընդգծել է դիվանագետը։
Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: