Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը
Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը` դրանում ավելացնելով 11 նոր անուն և կատարելով 1 ուղղում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ըստ Բրիտանիայի կառավարության հրապարակած հայտարարության՝ պատժամիջոցները սահմանվել են ռուսաստանցի գործարար Սուլեյման Քերիմովի դստեր՝ Գուլնարա Քերիմովայի, Դաղստանի տեղեկատվական քաղաքականության և զանգվածային հաղորդակցությունների նախկին նախարար Նարիման Հաջիևի, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի կառավարիչ գործընկեր և MTS ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ֆելիքս Եվտուշենկովի ու նրա քրոջ՝ Տատյանայի նկատմամբ, USM հոլդինգի համասեփականատեր Վլադիմիր Սկոչի, ինչպես նաև ուկրաինական ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ` Օքսանա Մարչենկոյի նկատմամբ։
Քերիմովային ու Հաջիևին հակառուսական պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու պատճառ է նշվել Սուլեյման Քերիմովի հետ ենթադրյալ կապը. վերջինս, ըստ բրիտանական իշխանությունների, մասնակից է «Ուկրաինայի ապակայունացմանը»։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև USM հոլդինգը, Curzon Square և Hanley ընկերությունները` ձեռնարկատեր Ալիշեր Ուսմանովի հետ կապերի համար, ինչպես նաև Meritservus ընկերությունը, որը կապված է ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի հետ: