Թրամփը Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարներին համարում է ամենախելացի մարդիկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներին անվանել է ամենախելացի մարդիկ և «լավագույնն իրենց շարքում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը նման կարծիք է հայտնել Fox News հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Թրամփը պատմել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ Ֆլորիդայի իր «Մար ա Լագո» կալվածքում ունեցած հանդիպման մասին՝ նշելով, որ Ծինփինը շատ խելացի է, «լավագույնն իր շարքում»՝ ի տարբերություն ամերիկյան ղեկավարության: «Նախագահ Սին փայլուն մարդ է: Եթե ամբողջ Հոլիվուդում փնտրեք մեկին, ով կմարմնավորի նախագահ Սիին, չեք կարող գտնել, քանի որ նրա նմանը չկա: Նրա տեսքը, ուղեղը, ամեն ինչը: Մենք հիանալի հարաբերություններ ունեինք նրա հետ», - ասել է Թրամփը: ԱՄՆ նախկին նախագահը նաև կարծիք է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վերաբերյալ: Ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի՝ Կիմ Չեն Ընը նույնպես շատ խելացի է: Թրամփը շեշտել է, որ Կիմ Չեն Ընը ստանձնել է Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շատ երիտասարդ տարիքում և կարողացել լիակատար վերահսկողություն սահմանել երկրի վրա, ինչը հեշտ բան չէ: «Պուտինը նույնպես շատ խելացի է», - ասել է Թրամփը՝ նշելով, որ ՌԴ-ն զինամթերք է արտադրում, մինչդեռ ԱՄՆ-ն իր ամբողջ զինամթերքը տվել է Ուկրաինային: Հիշեցնենք՝ 2022 թ.-ի նոյեմբերին Թրամփը հայտարարեց, որ 2024 թ.-ի նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: