«Նախկինները կպատժեին մալիշկեցի կնոջը». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետելու վերաբերյալ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հարցրինք՝ ինչո՞վ է Հայաստանի «դեմոկրատիան» տարբերվում եվրոպականից, որ այնտեղ կոշիկ, պոմիդոր, ձու են նետում նախագահների վրա, դրանք քաղաքական ակցիաներ են համարվում, իսկ պատերազմից մազապուրծ կնոջ նետած անձրեւանոցը բռնության գործադրում է համարվում։
«Դե, ժողովրդավար երկրներում իսկապես ընդունված չէ բողոքող քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելը, քրգործ հարուցելը, եթե մենք այդ ճանապարհն ենք ընտրել, պետք է մենք էլ հարգենք քաղաքացիների իրավունքը, բայց, գիտեք, իրավիճակները տարբեր են, գուցե մարդը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ գուցե կնոջ պահվածքը հրահրված է եղել ինչ-որ խմբի կողմից, ուստի նորմալ է, որ ձերբակալել են, ապա ազատ արձակել: «Հավանաբար, իրենք էլ հուզական երեւույթ են դիտարկել, ոչ թե քաղաքական ակցիա, դրա համար են ձերբակալել»։
Բագրատյանը կարծում է, որ ժողովրդավարության առումով նախկին եւ ներկա Հայաստաններն էականորեն տարբերվում են։ Նա հիշեցնում է, թե որքան լոյալ գտնվեց Փաշինյանը «սյունյաց ողջույններ հղած ագրեսիվ» քաղաքացիների նկատմամբ․ «Վարչապետը որեւէ կերպ չարձագանքեց»:
Մինչդեռ նախկինների ժամանակ որեւէ մեկը, Բագրատյանի խոսքով, անպատիժ չէր մնա․ «2007 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իմ համակիրները Սերժ Սարգսյանին հարց էին տվել, թե իր գլխավերեւում որ հանրապետության դրոշն է, որովհետեւ մենք վիճարկում էինք օրենքով արգելված դրույթը` ՀՀԿ-ի դրոշն էր փակցրած, հարց էին տվել՝ ո՞ր դրոշն է, ձեր ներկայացուցիչը պատասխանատվությունից խուսափելու համար ասում է` Կոլումբիայի դրոշն է, այդ հարց տվող կնոջն ուժային մեթոդներով հեռացրել էին այդ վայրից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: