Եգիպտոսը պլանավորել է գաղտնի կերպով 40 000 հրթիռ մատակարարել Ռուսաստանին
Եգիպտոսը պլանավորում էր տասնյակ հազարավոր հրթիռներ արտադրել ռուսական բանակի կարիքների համար, ընդ որում` դրանց արտադրությունն ու փոխադրումը պետք է գաղտնի պահվեին արևմտյան երկրներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության արտահոսած գաղտնի փաստաթղթերը:
Փետրվարի 17-ով թվագրված փաստաթղթի համաձայն՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին բարձրաստիճան զինվորականներին հրահանգել է արտադրել մինչև 40 հազար հրթիռ՝ դրանք Ռուսաստան մատակարարելու համար։ Բացի այդ, պետության ղեկավարը պահանջել է, որ արկերի արտադրության և փոխադրման մասին տեղեկությունները գաղտնի պահվեն՝ «Արևմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար»։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան հրատարակության հարցման, ընդգծել է, որ Կահիրեի դիրքորոշումն Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր «հիմնված է այս ճգնաժամին չմիջամտելու և երկու կողմերից հավասար հեռավորություն պահպանելու պարտավորության վրա»։
Ռուսաստանին հնարավոր ռազմական օգնությունը կարող է արմատապես փոխել Եգիպտոսի արտաքին քաղաքական իրավիճակը, որը, չնայած Մոսկվայի հետ հարաբերությունների խորացմանը, շարունակում է մնալ ԱՄՆ-ի դաշնակիցը։ WP-ն նշում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Կահիրեն Վաշինգտոնից ստացել է տարեկան շուրջ 1 միլիարդ դոլարի (մոտ 919 միլիոն եվրո) ռազմական օգնություն: Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը ներկայում տեղեկություն չունի այն մասին՝ արդյոք Եգիպտոսը հրթիռների արտադրության և Ռուսաստանին մատակարարման պլանն իրականացրել է թե ոչ։
Օրեր առաջ արտահոսած փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում Ուկրաինայում ընթացող պատերազմի, Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակիցների վերաբերյալ: Դրանց հայտնվելը համացանցում այժմ հետաքննվում է Պենտագոնի և Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կողմից։