ԱՄՆ-ը պլանավորել է նվազեցնել լարվածությունը Չինաստանի հետ հարաբերություններում
Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում Չինաստանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Լարվածությունն, անշուշտ, այժմ մեծ է: Մենք կցանկանայինք, որ այդ հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա լինեն», - ճեպազրույցում նա ասել է լրագրողներին:
Հարցին, թե ինչու նախագահ Ջո Բայդենը մինչև այժմ չի խոսել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, Քիրբին ասել է, որ «նախագահն անհամբերությամբ սպասում է նախագահ Սի Ծինփինի հետ ևս մեկ զրույցի», և երկու առաջնորդները կխոսեն, երբ դրա համար հարմար ժամանակ լինի:
Քիրբին նաև շեշտել է, որ կարևոր է բաց պահել կապի ուղիները:
«Այդուհանդերձ, ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք ի վիճակի ենք եղել և պահպանում ենք կապի ուղիները մեր երկու երկրների միջև, նույնիսկ չնայած այս ամբողջ լարվածությանը», - ասել է Քիրբին:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը «դեռ աշխատում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ինքնաթիռ նստեցնելու և Պեկին ուղարկելու ուղղությամբ, ինչը նա ծրագրում էր անել մի քանի ամիս առաջ»:
Սպիտակ տան պաշտոնյան նաև հայտնել է, որ Պեկինի հետ բանակցություններ են ընթանում ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի և առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի` Չինաստան հնարավոր այցերի շուրջ: