Twitter-ի նախկին ղեկավարներն ընկերությունից պահանջել են ավելի քան 1 մլն դոլար փոխհատուցում
Ամերիկյան Twitter ընկերության երեք նախկին թոփ մենեջեր հայց են ներկայացրել Դելավերի վարչական դատարան՝ ընկերությունից պահանջելով իրենց ավելի քան 1 մլն դոլար փոխհատուցում վճարել։ Ըստ հայցվորների՝ հենց այդքան են նրանք ստիպված եղել ծախսել ընկերության դեմ դատական գործընթացներին մասնակցելու և հետաքննության շրջանակում կարգավորող մարմինների հարցերին պատասխանելու համար։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է nytimes.com-ը:
Twitter-ի դեմ հայցվորներն են նախկին գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը, ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը, իրավական և քաղաքական հարցերի տնօրեն Վիջայա Գադեն։
Հայցում ասվում է, որ նախկին ղեկավարները ստիպված են եղել պատասխանել ԱՄՆ արդարադատության նախարարության և Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հարցերին այն բանից հետո, երբ նրանք հեռացվել են ընկերությունից: Այս ամենի հետևանքով առաջացել են լրացուցիչ իրավական ծախսեր, որոնք նրանք ստիպված են եղել վճարել սեփական գրպանից։ Հայցվորները նշում են, որ ավելի քան երկու ամիս առաջ դիմել են ընկերության նոր սեփականատեր Իլոն Մասկին՝ իրենց դատական ծախսերը փոխհատուցելու խնդրանքով, սակայն պատասխան չեն ստացել։ Հայցվորները կարծում են, որ այս կերպ Twitter-ը «խախտել է աշխատակիցների հետ պայմանավորվածությունները և ընկերության կանոնադրությունը»։