Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն. ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Թումանյանի բաժինն «Ալավերդի» բժշկական կենտրոնից ապրիլի 8-ին, ժամը 23.55-ին, ստացել էր հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով:
«Նրա հայտնածը, սակայն, հավատ չներշնչեց ոստիկանության Թումանյանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին: Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Թումանյանի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակներում Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ, որոնց արդյունքում կարողացան հնարավորինս ամբողջացնել կատարվածի պատկերը:
Ապրիլի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, Դսեղ գյուղի հիվանդանոցի մոտ էին հավաքվել տուժած երիտասարդը, 12-րդ դասարանցի եղբայրը և նրա հասակակից ևս երկու պատանի: Պարզաբանումներն ավարտվել էին ծեծկռտուքով, ինչին հետևել էին ավագ եղբոր հայհոյանքները, և վրդովված պատանիներից մեկը գաղտնի փականով դանակի հարվածներ էր հասցրել հայհոյողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դանակահարողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ընդունել է մեղքը:
Կատարվում է նախաքննություն: