Հաագայում ցուցարարները տապալել են ԵՄ ապագայի վերաբերյալ Մակրոնի ելույթը
Ցուցարարները թույլ չեն տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ելույթ ունենալ Հաագայի Nexus ինստիտուտում՝ վանկարկելով Ֆրանսիայի ներքին քաղաքականությունը քննադատող հայտարարություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքի տարածած տեսանյութը:
Մակրոնը ապրիլի 11-ին ժամանել է Նիդերլանդներ: Օրվա երկրորդ կեսին նախատեսված էր նրա ելույթը՝ նվիրված Եվրոպայի տնտեսական և արտադրական ինքնիշխանությանը, սակայն մի քանի տասնյակ ցուցարարներ նրան թույլ չեն տվել խոսել:
Մակրոնը հավաքվածներին վստահեցրել է, որ կարող է պատասխանել ցանկացած հարցի, թե ինչ է քննարկվում Ֆրանսիայում, ինչ օրենքներ են իրականացվում:
«Սա ժողովրդավարություն է, իսկ ժողովրդավարությունը հենց այն վայրն է, որտեղ դուք կարող եք բողոքել և թույլ տալ ձեզ նման հայտարարություններ անել», - ասել է նա:
Մակրոնը միաժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, «ֆրանսիացիները պետք է շատ ավելի քիչ նյարդայնանան» կենսաթոշակային բարեփոխման կապակցությամբ, քանի որ «Նիդերլանդներում, ինչպես և եվրոպական շատ այլ երկրներում, կենսաթոշակային տարիքը շատ ավելի բարձր է, քան 64 տարեկանը»:
Ֆրանսիայում հունվարից բողոքի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխման դեմ, որը ենթադրում է կենսաթոշակային տարիքը 62-ից հասցնել 64-ի: