Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր
Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։
«Իրանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ստորագրվել են երկկողմ հուշագրեր և համաձայնագրեր (օդաչուների) պատրաստման ենթակառուցվածքի և (ինքնաթիռների) վերանորոգման ու տեխնիկական սպասարկման կենտրոնների օգտագործման վերաբերյալ», - ասել է նա:
Մոհամմադի-Բախշը նշել է, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) «ճանաչել է իրանական ստանդարտներն այս ոլորտում», և ապագայում հնարավոր է ինքնաթիռների վերանորոգման համար երկու երկրների արտադրած ցանկացած պահեստամասի համատեղ օգտագործում։