Իտալիայում կարող են արտակարգ դրության ռեժիմ հայտարարել միգրացիոն խնդիրների պատճառով
Իտալիայի իշխանությունները չեն բացառում արտակարգ դրության հայտարարումը միգրացիոն խնդրի պատճառով: Նման հայտարարություն է արել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության և ծովային քաղաքականության նախարար Նելլո Մուզումեչին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Դա շատ հավանական է: Մենք խոսում ենք մի երևույթի մասին, որն անցյալում երբեք չի եղել: Սիցիլիան, Լամպեդուզան, Կալաբրիան, Ապուլիան միայնակ չեն կարող հաղթահարել այս արտակարգ իրավիճակը: Անհրաժեշտ է դիմել բացառիկ միջոցների», - ասել է նա Radio 1-ի եթերում:
Ինչպես հաղորդում է Rai News 24 հեռուստաալիքը, ապրիլի 7-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 3 հազար մարդ է փրկվել Միջերկրական ծովում՝ Կալաբրիայի և Սիցիլիայի ափերի մոտ իրականացված գործողությունների ընթացքում։ Զանգվածային լրատվամիջոցների տեղեկությամբ՝ միգրացիոն խնդիրը կքննարկվի այսօր Իտալիայի նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են միգրացիայի խնդրի համաեվրոպական լուծումների անհրաժեշտության մասին։
Մարտի 9-ին Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել այն հրամանագրին, որը նախատեսում է պատժի խստացում՝ մինչև 30 տարվա բանտարկություն, ծովով միգրանտների անօրինական փոխադրողների համար: Միգրացիայի թեման կրկին սրվել է Իտալիայի Կալաբրիայի հարավային շրջանի ափերի մոտ տեղի ունեցած վերջին ողբերգության պատճառով։ Փետրվարի 26-ին տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվել էր առնվազն 90 մարդ: