Անգլիայում տասնյակ հազարավոր բժիշկ-ինտերններ քառօրյա գործադուլ են սկսել
Այսօր Անգլիայի բժիշկ-ինտերնները լայնամասշտաբ քառօրյա գործադուլ են սկսել, որն սպառնում է լրջորեն խաթարել Առողջապահության ազգային ծառայության (National Health Service, NHS) գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի բժշկական ասոցիացիայի կազմակերպած գործադուլներին, ըստ Sky News հեռուստաալիքի գնահատումների, պետք է մասնակցեն մինչև 47,6 հազար բժիշկ- ինտերններ՝ NHS-ի բուժաշխատողների հաստիքակազմի ավելի քան 40%-ը։
Նրանց հիմնական պահանջն է 35%-ով բարձրացնել աշխատավարձերը։ Արհմիության գնահատումներով` դա պետք է իրական հաշվարկով փոխհատուցի վերջին տասնհինգ տարվա ընթացքում աշխատավարձերի 26%-ով կրճատումը: Կառավարությունն այս պահանջներն անվանում է «չափից դուրս բարձր»։
NHS-ի գնահատումներով՝ գործադուլը կարող է հանգեցնել այն բանին, որ Անգլիայում չեղարկվեն բժշկի մոտ ավելի քան 350 հազար այցեր և վիրահատություններ: Իրավիճակը վատթարանում է Զատկի արձակուրդի պատճառով: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ բուժաշխատողներից շատերն, ովքեր փոխարինելու էին եկել գործադուլ անող գործընկերներին մարտ ամսին տեղի ունեցած համանման 72-ժամյա գործադուլի ժամանակ, այս անգամ չեն կարողանա օգնության գալ: Նախորդ գործադուլն արդեն հանգեցրել էր բժշկի մոտ 175 հազար այցերի և վիրահատությունների չեղարկման։
Գործադուլների ալիքը, որի պատճառն ապրուստի կտրուկ թանկացումն է (2022թ.-ի արդյունքներով գնաճը կազմել է 10,5%) և իրական եկամուտների անկումը, ընդգրկել է Միացյալ Թագավորությունն անցած տարեվերջից։ Բուժաշխատողներից բացի, գործադուլներին մասնակցում են երկաթուղայիններ, ավտոբուսների վարորդներ, սահմանապահներ, փոստատարներ, ուսուցիչներ, համալսարանների դասախոսներ և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն կարող իրենց թույլ տալ պետական հատվածում աշխատող մարդկանց աշխատավարձերը հասցնել գնաճի մակարդակին, քանի որ նման միջոցները կհանգեցնեն երկրում գների հետագա աճի և չափազանց մեծ բեռ կստեղծեն բյուջեի համար: