Միլիարդատեր Բրենսոնը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ (տեսանյութ)
Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը։
Virgin Galactic ընկերության հիմնադիրն Ուկրաինայի նախագահին հանդիպել է Կիևում, որտեղ նա դարձել է UNITED24-ի՝ Ուկրաինայի համար դրամահավաքի պաշտոնական հարթակի նոր դեսպանը:
Շնորհակալություն հայտնելով Բրենսոնին աջակցության համար՝ Զելենսկին ասել է. «Շատ կարևոր է, որ հայտնի և ազդեցիկ դեմքերը շարունակեն միանալ այս հարթակին։ Մեր հիմնական խնդիրներից մեկը աշխարհի ուշադրության կենտրոնում պահելն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, որը շարունակվում է ավելի քան մեկ տարի»:
Բրենսոնը Զելենսկիին ասել է, որ Կիև գնալու ճանապարհին Լվովում հանդիպել է մի քանի զինվորների, այդ թվում՝ մեկին, որը «կորցրել է երկու ձեռքն ու ոտքը, բայց նա ցանկանում էր վերադառնալ առաջնագիծ»:
«Աշխարհի և իր ժողովրդի աչքում նախագահ Զելենսկին ընկալվում է որպես պատերազմի ժամանակաշրջանի հազվագյուտ առաջնորդ, որը ներկայացնում է և՛ անկոտրում ոգին, և՛ անխոնջ վճռականությունը՝ անցնելու այս պատերազմով և հետ մղելու ագրեսիան», - ասել է բրիտանացին: