Ինչո՞ւ է Շակիրան երեխաների հետ Բարսելոնայից տեղափոխվել Մայամի
Երգչուհի Շակիրան Twitter-ում շփվել է երկրպագուների հետ և բացատրել, թե ինչու է որոշել իր երեխաների հետ Բարսելոնայից Մայամի տեղափոխվել։ Աստղի խոսքով՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ինքը և որդիները դարձել են պապարացիների հետապնդումների թիրախ։ Շակիրան դժգոհել է ԶԼՄ-ների ուշադրությունից։
«Իմ երեխաները՝ Միլանն ու Սաշան, շատ դժվար տարի են անցկացրել՝ տառապելով պապարացիների և Բարսելոնայի մի շարք լրատվամիջոցների կողմից անընդհատ ոտնձգություններից և հետապնդումներից», - պատմել է երգչուհին:
Շակիրան ամերիկյան լրատվամիջոցներին հորդորել է չսպասել իր երեխաներին դպրոցի մոտ և թաքուն չլուսանկարել տղաներին։
«Ես լրատվամիջոցներին խնդրում եմ իմ երեխաների անունից հարգել նրանց անձնական իրավունքը: Խնդրում եմ ձեռնպահ մնալ նրանց դպրոց գնալ-գալու, մեր տան դռան մոտ սպասելուց կամ արտադասարանական և ժամանցի հետևից»,- գրել է երգչուհին սոցիալական ցանցերում։
Շակիրայի խոսքով՝ այս կոչը նա գրել է ոչ թե որպես երգչուհի, այլ որպես երկու երեխաների սիրող մայր։
Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են 2022 թվականի հունիսին՝ 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ ֆուտբոլիստի դավաճանության պատճառով։ Նրանք երկու որդի ունեն՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։