Ճապոնիան ափսոսանք է հայտնել ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցման կապակցությամբ
Ճապոնիայի կառավարությունն ափսոսում է Ռուսաստանի կողմից խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների դադարեցման համար և դրանք վերսկսելու հույս ունի: Նման ձևակերպում կա Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված «Դիվանագիտության կապույտ գրքում»՝ Ճապոնիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Դրանում ընդգծվում է, որ «կառավարությունը մտադիր է հաստատակամորեն հավատարիմ մնալ տարածքային վեճի լուծմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը»:
Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ ներկայում «ճապոնառուսական հարաբերությունները գտնվում են բարդ փուլում, և այս պահին մենք ի վիճակի չենք քննարկել բանակցությունների հեռանկարները»։
Փաստաթղթում պնդվում են Ճապոնիայի տարածքային հավակնությունները Կուրիլյան կղզիների նկատմամբ։
«Կապույտ գրքում» ճապոնառուսական հարաբերությունների «գլխավոր առաջնահերթություններից մեկը» կղզիների նախկին բնակիչների անայցագիր ուղևորությունների վերսկսումն է Հարավային Կուրիլներ՝ փոխանակման ծրագրի շրջանակներում։
Զեկույցում ավելի կոշտ դիրքորոշում է հայտարարված Չինաստանի նկատմամբ, որի քաղաքականությունը կոչվում է «մեծագույն ռազմավարական մարտահրավեր»։ Տոկիոն 2022 թ.-ին հայտարարել էր, որ Չինաստանը «անվտանգության լուրջ մտահոգություններ» է առաջացրել։
Գրքում Ճապոնիան առաջին անգամ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական կապերի առնչությամբ, նշել է, որ ուշադիր հետևելու է Ճապոնիայի տարածքի մերձակայքում Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժություններին, որոնք «ավելի ու ավելի հաճախ» են անցկացվում։