Կամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կամչատկայի Շիվելուչ հրաբուխն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:31-ին, սկսել է ժայթքել: Սկսվել է մոխրի արտանետում: Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Ուստ-Կամչատսկի շրջանի ղեկավար Օլեգ Բոնդարենկոն մարդկանց հորդորել է մոխրի արտանետման ժամանակ մնալ տանը, օգտագործել դիմակներ: Հաղորդվում է, որ Կամչատկայի Ուստ-Կամչատսկի շրջանի մի քանի գյուղերի երկինքը ծածկվել է մոխրի ամպով։ «Հրաբխից մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով երկինքը, այդ թվում՝ Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի և Կոզիրևսկ գյուղերի վրա, ծածկվել է մոխրի ամպով», - գրել է Բոնդարենկոն իր Telegram ալիքում։ Բոնդարենկոն հավելել է, որ մոխրի ամպում էլեկտրաստատիկ լարվածության պատճառով ամպրոպ է թնդում։ Շիվելուչը Կամչատկայի ամենամեծ հրաբուխներից մեկն է։ Հրաբխին ամենամոտ բնակավայրը Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղն է։ Այն գտնվում է Շիվելուչից 47 կմ հարավ-արևմուտք։