Մրցո՞ւյթ... դա ի՞նչ է. օրվա իշխանության կաբինետներում երևի անգամ չլսված մի բան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ «առաջին շարքի» ներկայացուցիչները ինչի դեմ իբր պայքարում էին «ընդդիմություն աշխատելու» տարիներին, նույն բաներն ու շատ ավելի թունդ կերպով անում են՝ ինչ ահա արդեն 5 տարի դարձել են իշխանություն: Ինչի՞ց էին ամենաշատը աղմկում «ընդդիմադիր աշխատող» Փաշինյանն ու նրա խումբը: Իսկ ամենից շատ ու բարձր նրանք աղմկում էին, օրինակ՝ պետական գնումների թեմաներով, մասնավորապես, թե ինչպե՞ս է եղել, որ այսինչ ծառայության կամ մատակարարման մրցույթը շահել է «իքսը», և ինչպե՞ս է եղել, որ չի շահել «իգրեկը»:
Բայց այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն է դարձել վարչապետ, իսկ նրա թիմակիցներն էլ առոք-փառոք բազմել ու սերտաճել են պետական բարձր պաշտոնների բազկաթոռներին, Հայաստանում գրեթե իսպառ վերացել է մրցույթ ասվածը: Գրեթե բոլոր ծառայություններն ու աշխատանքները, ապրանքները պետական միջոցներով «ձեռք են բերվում», այսպես կոչված, «մեկ անձից գնումով»: Ահավասիկ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանը գրառում է արել՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը 20.02.2023թ., «մեկ անձից գնման» կարգով, պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ՝ ջազ համերգ կազմակերպելու համար՝ 89 280 000 դրամով։ Վատ չէ, վատ չէ:
Այնինչ, «Գնումների մասին» օրենքի համաձայն, մեկ անձից գնում կարող է կատարվել, եթե ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ եթե արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ: Գրառման հեղինակը նկատում է նաև, որ ավելի վաղ «մեկ անձից գնումով» միջոցառում է կազմակերպվել նաև «Գիրք նվիրելու օրը», դրա վրա էլ 35 միլիոն դրամ է ծախսվել: Միլիոններ է, որ «մեկ անձից» գնումով մսխվում են: Ու գործնականում տարբերակ էլ չկա պարզելու, թե ինչ չափորոշիչներով է պետական միջոցներով այս կամ այն գնումն իրականացվել հատկապես տվյալ «մեկ անձից» ու հենց ա՛յդ գնով: Հիշո՞ւմ եք, որ «մեկ անձից գնումով» էր իրականացվել նաև մայրաքաղաքի «տոնական լուսավորությունը»՝ Ամանորին: Այն, որ Հանրապետության հրապարակի շենքերի պատերը փլավքամիչ էին դարձրել:
Ասենք, փաշինյանական իշխանության այս 5 տարիներին այդ ո՞ր գնումը չի անմրցույթ եղել, նույն՝ «մեկ անձից գնման» կարգով: Չէ, կռահելի է, որ այս իշխանությունը տեղով «արտակարգ իրավիճակ» է, բայց հետաքրքիր է, թե ո՞ւր են բոլոր այն բղավողները, զանազան գրանտային վերահսկիչները, որ նախկինում կոկորդ էին պատռում, երբ ինչ-որ բան առանց մրցույթի էր արվում: Ա՜... Նրանք բոլորը այն ժամանակ կոկորդ էին պատռում, որպեսզի հետո համերաշխորեն լռեն: Ի՞նչ իմանաս, որ նրանց էլ «մեկ անձից գնումով» չեն վերցրել ու դրել իշխանության գրպանում՝ տաք, ապահով, կուշտ: Կոռուպցիայի ու կոռուպցիոն ռիսկերի հերն էլ անիծած: Մրցո՞ւյթ: Դա ի՞նչ է: Դա քպական իշխանության կաբինետներում երևի չլսված կամ ուղղակի մոռացված ու արգելված բառ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: