Ամերիկյան Լուիսվիլում հրաձգություն է տեղի ունեցել. կա 5 զոհ, 6 վիրավոր
ԱՄՆ Քենթուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Արդյունքում 5 մարդ զոհվել է, 6 մարդ վիրավորվել, այդ թվում՝ մեկ ոստիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:
Լուիսվիլի ՀԴԲ գրասենյակը միջադեպը որակել է որպես հրաձգություն, իսկ մյուս պաշտոնյաները բնակիչներին հորդորել են հեռու մնալ այդ շրջանից:
Թե կոնկրետ ով է կրակ բացել, դեռ հայտնի չէ։ Փոխհրաձգություն է սկսվել կրակողի և ոստիկանների միջև։ Դեպքի վայրում աշխատում է նաև ՀԴԲ-ն։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը չեզոքացվել է:
«Ենթադրյալ կրակողը վնասազերծվել է»,- նշվում է Twitter-ի գրառման մեջ։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ճեպազրույցում հայտնել են, որ Լուիսվիլում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, և առնվազն վեց մարդ տեղափոխվել է Լուիսվիլի համալսարանի հիվանդանոց, այդ թվում՝ մեկ սպա՝ «տարբեր վնասվածքներով»:
Առայժմ հայտնի չէ հոսպիտալացվածների վիճակի մասին։