Անթույլատրելի է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պայման դարձնել Թուրքիային F-16-ներ վաճառելու համար. Չավուշօղլու
Թուրքիան կարծում է, որ Շվեդիան դեռ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ նրա անդամակցությունը դաշինքին պայման դարձնել Անկարային ԱՄՆ-ի F-16 ինքնաթիռների վաճառքի համար, անթույլատրելի է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
«Նրանք փորձում են առաջ քաշել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ որպես մեզ F-16-ի վաճառքի պայման։ Սա անընդունելի է, մենք սա չենք ընդունում։ Մենք հավանություն ենք տվել Ֆինլանդիային, բայց առայժմ բացառել ենք Շվեդիային։ Նա դեռ հեռու է ՆԱՏՕ-ին անդամակցելուց, պատրաստ չէ եւ հեռու է դրանից։ Նրան ժամանակ է պետք»,- ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն նա նշել է, որ ԱՄՆ-ում Թուրքիային ինքնաթիռներ վաճառելու հարցում «ակտիվությունն աճել է», ինչը դրական արդյունքի հույս է տալիս։